Հայկական ատոմային էլեկտրակայանը միացված է երկրի էներգահամակարգին։ Ծրագրված աշխատանքներն իրականացնելուց հետո 2018թ.-ի հուլիսի 31-ին, ժամը 09:58-ին ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի չորրորդ տուրբոգեներատորը միացվեց Հայաստանի Հանրապետության էներգահամակարգին։ 4-րդ տուրբոգեներատորի գործարկումը իրականացվել է բոլոր տեխնիկական պահանջներին համապատասխան: Ներկայում ՀԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին մատակարարում է 210-215MVt հզորությամբ էլեկտրաէներգիա։ 4-րդ տուրբոգեներատորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 14-ին՝ մասնակի արդիականացման, կոնդենսատորների եւ սեպարատորների փոփոխման համար։ Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից են՝ 10 տարով կայանքի աշխատանքի երկարաձգումը եւ պաշարների վերականգնումը, անվտանգության մակարդակի ու ատոմակայանի արդյունավետության բարձրացումը:

ՀԱԷԿ սարքավորումների արդիականացման եւ պլանային-նախազգուշական նորոգման աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռոսատոմ Ծառայություն» մասնագիտացված ընկերություն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում։ Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում, եւ գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում: ՀԱԷԿ-ում արտադրվում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Կայանի աշխատանքը Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին ապահովում է մշտական էներգամատակարարմամբ: