Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Կարեն Ղազարյանին:

«Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներն հուլիսին և օգոստոսին այցելել են Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկած անձանց, այդ թվում՝ վերջերս կալանավորվածին։ Համաձայն հանձնագրի՝ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,-հայտնել է Երեւանում ԿԽՄԿ պատվիրակության մամուլի քարտուղար գոհար Տեր-Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում: