Ուրախ եմ հայտնել, որ այսօր խոսել եմ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մոր հետ և նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարևոր և սպասված տեղեկությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը:

«Երեկ գիշեր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին, նա ողջ և առողջ է եղել։ Կարենին փոխանցվել է մոր նամակը։ Ինքը՝ Կարենը, ասել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում: