Բանակային միջազգային խաղերում օգոստոսի 4-ը «Տանկային բիաթլոն» միցույթի 6-րդ օրն է: Ներկայումս ընթանում է այսօր առաջին մրցելույթը, որին մասնակցում են Վիետնամի, Ղրղզստանի, Հայաստանի եւ Մյանմարի թիմերը, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Հինգ օրերի արդյունքներով՝ «Տանկային բիաթլոն» մրցույթի առաջին փուլում՝ անհատական մրցարշավում առաջին տեղում է Ռուսաստանի անձնակազմը՝ 19 րոպե 37 վայրկյան արդյունքով, երկրորդ տեղում է Ռուսաստանի երկրորդ անձնակազմը՝ 19 րոպե 47 վայրկյան, երրորդ՝ Ղազախստանի երկրորդ անձնակազմը՝ 20 րոպե 57 վայրկյան:

Տանկիստների մրցության առաջին փուլը կավարտվի վաղը՝ օգոստոսի 5-ին, իսկ արդեն 7-ին կսկսվի երկրորդ փուլը՝ կիսաեզրափակիչը: Այս փուլում կմրցեն թիմից տանկային 3 անձնակազմեր մեկ տանկով՝ անձնակազմի փոխարինմամբ:

«Տանկային բիաթլոնը» բաժանված է 3 փուլի: Առաջինն անհատական մրցարշավն է, որին մասնակցում են բոլոր թիմերը: Յուրաքանչյուրին մասնակցում է 3-ական անձնակազմ՝ յուրաքանչյուրն իր տանկով: Մեկնարկը միաժամանակյա չէ՝ 1-2 րոպե միջակայքով, երթուղում է գտնվում միաժամանակ 4 տանկ: Յուրաքանչյուր անձնակազմ պետք է ընթանա 3-5 կմ երկարությամբ 3 շրջան եւ կատարի հրաձգության 3 տեսակ:

Առաջին շրջանում հրաձգությունը կատարվում է թնդանոթից՝ հրետանային 3 կրակոցով երեք «Տանկ» թիրախներին: Այն նմանակում է հակառակորդի տանկը ճակատային պրոյեկցիայով: Թիրախը տեղադրվում է գետնի մակարդակին, նրա բարձրությունը կազմում է 2,37 մետր, լայնությունը՝ 3,42: Թիրախից հեռավորությունը 1600-ից մինչեւ 1800 մետր է:

Երկրորդ շրջանում հրաձգություն է կատարվում զենիթային գնդացրից՝ «Ուղղաթիռ» թիրախին, որը նմանակում է հակառակորդի ուղղաթիռը՝ ճակատային պրոյեկցիայով: Թիրախը հայտնվում է 12 մետր բարձրությամբ, նրա բարձրությունը կազմում է 3,2 մետր, իսկ լայնությունը՝ 3,8: Թիրախից հեռավորությունը 800-ից մինչեւ 1000 մետր է:

Երրորդ շրջանում անձնակազմը պետք է ՊԿՏ զույգ գնդացրից խոցի «ՌՊԳ» թիրախը, որը նմանակում է հակառակորդի հակատանկային ձեռքի նռնականետը: Այս թիրախը տեղադրվում է գետնի մակարդակին, նրա բարձրությունը եւ լայնությունը կազմում են 0,85 մետր: Թիրախից հեռավորությունը 600-ից 800 մետր է: