Լոռու մարզի Ստեփանավան, Արմավիրի մարզի Վաղարշապատ և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում տեղի է ունեցել Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:

Դասընթացն անցկացվել է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի 31 մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ և հմտություններ արտադրության կազմակերպման, պլանավորման, ֆինանսների, վաճառքի խթանման և այն բոլոր ոլորտների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ վարելու և առաջ մղելու համար:

Մասնակիցներից 27-ը ներկայացրել է գործարար ծրագրեր, որոնք ներառում են զբոսաշրջության, սննդի արտադրության և վերամշակման ոլորտների գործարար գաղափարներ: Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն էր, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ:

Ծրագիրը ենթադրում է աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրություն: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10% տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամ: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին:

Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության «Հաջող սկիզբ» ծրագիրը իրականացվել է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակում: