Կաշառքի վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաչե Մարգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատավճիռը, որի համաձայն, Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով եւ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Գործով մյուս ամբաստանյալ, կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանին դատարանը որոշեց տուգանել 120 հազար դրամով:

Նշենք, որ մեղադրող Կարեն Բիշարյանը միջնորդել էր Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման, իսկ Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնել։

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: