«Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքն ուսումնառության միայն առաջին տարվա մասին է:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը հիմնադրամին դիմել են «Լույս» հիմնադրամի 11 շահառուներ, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը:

«Եվս 5 երեխայի հարց քննարկվում է, գործընթացը չի կանգնել, մեզ շարունակում են դիմել: Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում: Մենք սկսել ենք քննարկումներ ՀԲԸՄ-ի հետ՝ հասկանալու համար, թե այս հարցն ինչպես պետք է լուծում ստանա»,- ասաց Աննա Հակոբյանը:

Նա հայտնեց, որ «Իմ քայլը» հիմնադրամը 517 հազար դոլարի ընդհանուր ներդրում է ունեցել, որից «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամը՝ 222 հազար դոլարով, «Հայ բարեգործական ընդհանուր միությանը»՝ 200 հազար դոլար, կանադահայ գործարար Վան Լափոյանը՝ 70 հազար դոլարով, կա նաեւ անանուն բարերարներ, որոնք չեն ցանկացել իրենց անունը հնչի:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մայիսի 10-ին հայտարարել էր իր եւ հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: «Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած, կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ»,- ասված էր բաց նամակում: