Ամեն օր աշխատանքի տասնյակ դիմումներ եմ ստանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Անդրադառնալով «Իմ քայլը» հիմնադրամի բացման ելույթի ժամանակ այն հայտարարությանը, որ մտադիր չէ իրեն պալատական շքախմբով շրջապատել, Աննա Հակոբյանը հայտնեց՝ իրեն ամբողջությամբ հաջողվել է զերծ մնալ պալատական շքախմբից. «Այո, ինձ ամբողջությամբ հաջողվում է զերծ մնալ այդ իրավիճակից, ես այդպես էլ նման իրավիճակի մեջ չհայտնվեցի, ինչի համար շատ ուրախ եմ»։

«Բայց աշխատանքի դիմումներ ստանում եմ ոչ թե ինձ հետ սուրճ խմած մարդկանցից, այլ քաղաքացիներից։ Դա ամենացավոտ մասն է, քանի որ դու ոչնչով չես կարող օգնել, բայց մարդը մեծ հույսերով քեզ է դիմել, խնդրում է օգնել եւ ապահովել իրեն հարմար աշխատանքով։ Իմ պատասխանն այն է, որ ես պետք է հենց այդ պահին մտնեմ համապատասխան կայքեր եւ նրանց համար հարմար աշխատանք գտնեմ, որեւէ այլ կերպ չեմ կարող օգնել» ,–նշեց նա։

Հիշեցնենք, որ նա «Իմ քայլը» հիմնադրամի բացման ժամանակ հայտարարել էր, որ չի պատրաստվում աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել եւ էական չէ, թե ով իր հետ քանի բաժակ սուրճ է խմել: Այս առնչությամբ նա նկատեց, որ իր ելույթը ծառայել է իր նպատակին, քանի որ աշխատանքի տեղավորման միջնորոդության դիմումներ չի ատացել։

Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ կաշխատի, աշխատատեղեր կստեղծի։