ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել ընկերություններին ավելի շատ աշխատել Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին՝ ասելով, որ Թեհրանը կատարել է իր պարտավորություններն իրանական միջուկային համաձայնագրի շրջանակներում, փոխանցում է AP-ն:

Մոգերինին նշել է, որ եվրոպացիները պետք է որոշեն, թե ում հետ են ուզում առեւտուր վարել «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանը մնա գործարքում՝ Իրանի տնտեսական օգուտները պահպանելու համար, որոնք բերել է այս համաձայնագիրն իրանական ժողովրդին, քանի որ մենք գտնում ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ աշխարհի անվտանգության շահերին», - նշել է նա:

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փեթերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն եւ Նոր Զելանդիան անհրաժեշտ են համարում պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը՝ չնայած ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալուն: «Մենք խրախուսում ենք փոքր եւ միջին ձեռնարկություններին, մասնավորապես, Իրանում բիզնեսը զարգացնելու համար»,- ասել է Մոգերինին՝ նշելով, որ առեւտուրը միջուկային գործարքի անբաժանելի մասն է: