Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մտնում քաղաքական այն ուժերի ցանկի մեջ, որոնք ծնվել են ինչ-որ մեկի նախագծերի իրականացման արդյունքում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկության դեպքում վաղուց կարող էր ղեկավարել ՀՀԿ-ն:

Սահակյանն ընդգծեց, որ ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ն ունի ընտրված նախագահ, եւ ոչ թե՝ «նշանակված գործադիր տնօրեն»:

Խոսելով ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի այն հայտարարության մասին, թե ինքն իր ղեկավարին չի ծանոթացրել հանրապետական գործիչների մեկնաբանությունների հետ, քանի որ ԲՀԿ առաջնորդին ներկայացվում են միայն ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչների մեկնաբանությունները, Սահակյանը հայտարարեց. «Քաղաքական գործիչներին գնահատական տալիս է ժողովուրդը, ոչ թե «նորաթուխ» մամուլի քարտուղարը։ Ծառուկյանի հայտարարության արձագանքել էին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը եւ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը, նրանք երկուսն էլ փորձված քաղաքական գործիչներ են»:

Նշենք, որ Ծառուկյանի հայտարարությունը, թե ցակության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, իսկական աժիոտաժ էր առաջացրել Հանրապետական կուսակցության շարքերում։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծառուկյանին պատշաճության կոչ էին արել եւ խորհուրդ տվել ավելի պարզ արտահայտել իր մտքերը։