«Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններում ապօրինի հատվել է 1301 հատ ծառ:

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով քննիչի որոշմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության 12-րդ և 14-րդ պահաբաժիններում նշանակվել է մասնագիտական ստուգում, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչությանը։

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է ստուգման ակտը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պահաբաժինների անտառածածկ տարածքներում մասնագիտական խմբի կողմից արձանագրվել են ապօրինի հատված 1301 տարբեր տեսակի և տրամագծերի ծառերի կոճղեր: Պետությանը պատճառված վնասը, նախնական տվյալներով, գնահատվել է  88 մլն 773 հազար դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և որոշում կայացվել՝ այն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին  միացնելու մասին:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: