Գյումրիի Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի: Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս մասին հայտարարվել է Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ: Դրամահավաքը կմեկնարկի սեպտեմբերից եւ կտեւի 1 ամիս: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով, դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ: Նախարարը նաեւ առաջարկեց թանգարանի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:

«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ՝ այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել, շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին»,- ասաց նա:

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունեց նախարարի առաջարկը:

Նշենք, որ Գյումրիի քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: