Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

«Նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասաց նա:

Նշենք, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաքին միացել էր 41 պատգամավոր ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից:

Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի կայացրած որոշումը փաստաբանների խումբը բողոքարկել է: Վերաքննիչում բողոքի քննությունը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 9-ին, ժամը 12:00-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: