ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այս տարի հովանավորել է 7 ամերիկացի ուսանողների ամառային պրակտիկան Հայաստանում գործող ընկերություններում: Այս մասին հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից:

«Այսօր գործ ունենք գլոբալ տնտեսության հետ, ուստի երիտասարդների համար էապես կարեւորվում է միջմշակութային իրողություններն ընկալելու ու պատկերացնելու կարողությունը: Ապագան պահանջելու է վերազգային համագործակցություն եւ նման պրակտիկաները գերազանց միջոց են անհրաժեշտ հմտություններ ձեւավորելու համար», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Վեց շաբաթ տեւողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրենց ընդունած հայկական ընկերություններին ու կազմակերպություններին օգնում էին շուկայի հետազոտման, արտաքին կապերի պլանավորման, կամավորական աշխատանքի կառավարման եւ հաշվետվական մեխանիզմների մշակման հարցերում:  Պրակտիկայի վերջին շաբաթվա ընթացքում, ուսանողներն իրենց ընդունող կառույցին եւ ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին ներկայացրեցին այն, ինչ արել են աշխատելով այստեղ:

Այս տարի այստեղ առաջին անգամ իրականացված ամառային պրակտիկայի ծրագիրը նաեւ հետաքրքրություն կառաջացնի ամերիկյան քոլեջների ուսանողների շրջանում Հայաստանում ուսանելու հարցում, ինչը թույլ կտա անձնական շփումների ու փոխանակումների միջոցով առավել ընդլայնել մշակութային կամուրջները:

«Այս ուսանողներն իրենց ընդունած ընկերությունների ու ընտանիքների հետ հաստատել են տեւական ու ամուր կապեր եւ պատրաստ են Հայաստանում ձեռք բերած իրենց փորձն ու տպավորությունները կիսել Միացյալ Նահանգներում գտնվող իրենց ուսանող-ընկերների հետ: 2019թ. մենք սիրով Հայաստանում կընդունենք ուսանողների մի նոր խմբի»,- ասել է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Սմիթը: