Երեւանյան խճուղում փետրվարի 1-ին ժամը 17:00-ի սահմաններում, «Պորշ» մակնիշի 81 PP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ընթացքում կորցրել է մեքենայի կառավարումը եւ վթարի ենթարկվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ականատեսները պատմել են, որ մեքենան դուրս գալով ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, նախ հարվածել է ճամփեզրի միջնապատին, ապա բախվել նաեւ բետոնե արգելապանեշներին: Դրանից հետո չկարողանալով արգելակել ավտոմեքենան, հարվածել է նշված հատվածում գործող բենզալցակայանի լիցքավորման ապարատներին: 

Ավտոմեքենան վարել է 24-ամյա Սամվել Վահանի Արսենյանը, իսկ ավտոմեքենան գրանցված է Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Արթուր Սամվելի Տեր-Գրիգորյանի անունով:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վարորդի հայրը՝ Վահան Արսենյանը Պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոցի պետն է, կոչումով՝  գնդապետ:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին գնդապետի որդին հայտնել է, որ մեքենան վարել է ինքը: Նշված բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Վահան Արսենյանը ԱԺ պատգամավոր, Էջմիածինցի գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն է: 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի