Անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։

«Օրինակ, կենդանական ծագում ունեցող մթերքների համար ներկայումս գործող սահմանաչափը մինչև 3 կգ է, մենք սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 30 կգ։ Կենդանի ծառեր, բույսեր, սոխուկներ, արմատներ ներկայումս սահմանված է 5 հատ, բայց ոչ ավելի, քան 2 կգ, սահմանում ենք 15 հատ, բայց ոչ ավելի 50 կգ։ Սուրճի, թեյի, համեմունքների դեպքում ներկայումս սահմանված է 5 կգ, առաջարկում ենք 15 կգ և այսպես շարունակ»,-  ասաց Դավիթ Անանյանը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշմամբ՝ սահմանված էր՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, որոնք այժմ վերանայվում են։

«Այդ չափաքանակների հետ կապված՝ որոշակի փոփոխություններ ենք առաջարկում, այլ կերպ ասած, մենք ԵՏՀ հանձնաժողովի կողմից 2017թ-ի դեկտեմբերի N 107 որոշմամբ և մեր կառավարության 2015թ-ին որոշման մեջ հակասություններ կամ տարբերություններ կան, որոնք ուզում ենք վերացնել»,- ասաց ՊԵԿ նախագահը։