«Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում շինարարությունն իրականացնող «Սինոհիդրո» ընկերությանը հանձնարարվել է արագացնել շինաշխատանքների տեմպերի բարձրացմանն ուղղված քայլերը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Աշոտ Հակոբյանը չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարության ու ինժեներական թիմի հետ հանդիպմանը խիստ դժգոհություն է հայտնել իրականացվող աշխատանքների ժամկետների վերաբերյալ։

Խնդիրն այն է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել որոշակի մեթոդների փոփոխությամբ արագացնել շինարարության տեմպերը, եւ առաջարկը հնչել էր հենց կապալառու ընկերության կողմից։

Հանդիպման ընթացքում «Սինոհիդրո»-յի ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձեւակերպման գործընթացները։ Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, եւ հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձեւակերպումներ, այլ իրականացվող շինարարություն։

Նախարարը հանձնարարել է արագացնել ձեւակերպումների գործընթացը։