ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների բողոքի քննությունն այսօր՝ օգոստոսի 10-ին, շարունակվում է:

NEWS.am-ի թղթակիցը դատարանից նիստին ներկա է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը մեկնարկել էր երեկ՝ օգոստոսի 9-ին: Շուրջ 8 ժամ տեւած նիստը հետաձգվել էր եւ կշարունակվի այսօր: Նշենք, որ բողոքը քննող դատավորն Ալեքսանդր Ազարյանն է:

Մինչ այս նիստը, ԱԺ 45 պատգամավորներ էլ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այն, սակայն, նախօրեին մերժվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: