Համաշխարհային բանկը լիազորել է ավստրալիական Commonwealth Bank of Australia (CBA) բանկին թողարկել բլոկչեյն տեխնոլոգիայի հիմքով աշխարհում առաջին պարտատոմսերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Բլոկչեյնի հիմքով նոր պարտատոմսը կստանա  bond-i անվանումը։ Այն կթողարկվի դրա նկատմամբ մեծ հետաքրքրություն դրսեւորած ներդրողների լայն շրջանակի հետ խորհրդակցություններից հետո։ Bond-i–ի համար բլոկչեյն հարթակը մշակվել է Առաջադեմ տեխնոլոգիաների CBA Blockchain կենտրոնի կողմից։

Բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կազմակերպել ապակենտրոնացված ռեեստր կամ տվյալների բազա, որում տեղեկությունը պահպանվում է ոչ թե միասնական սերվերում, այլ տարբեր համակարգիչներում։ Այս տեխնոլոգիայով է, մասնավորապես, աշխատում բազան, որտեղ պահպանվում են բիթքոինով գործարքների մասին տեղեկությունը։ Տեխնոլոգիան մասնավորապես թույլ է տալիս առցանց վճարումներ կատարել, օպերատիվ կերպով հաստատել հաճախորդի կամ գործարքի մասին տվյալների արդիականությունը, գրանցել գործարքը եւ վարել դրա ռեեստրը։

Նշենք, որ ՀԲ–ն առաջին էլեկտրոնային պարտատոմսը e-bond թողարկել է 2000 թվականի հունվարին։