Հայաստանում փոփոխություններ տեղի չէին ունենում, քանի որ քաղաքացիները մտածում էին՝ դրանք պետք է անի քաղաքական ուժը կամ դրա լիդերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություներ, սակայն, դրանք տեղի չէին ունենում եւ եկավ 2018 թվականը եւ այդ փոփոխությունը տեղի ունեցավ: Մենք լուծեցինք մի հարց, որ 23-24 տարի համարվել է անլուծելի, համարվել է, որ դա հնարավոր չէ: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, որ այդ հարցը լուծվեց. նախորդ 24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություններ պետք է անի ընդդիմության այս լիդերը, այն լիդերը, եւ ամեն անգամ, երբ որ տեղի չէր ունենում այդ փոփոխությունենրը նեղանում էին այդ առաջնորդից, հիասթափվում էին: Փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե առաջնորդը պետք է անի, այլ հենց իրենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է,  որ դեռ հանրահավաքների ժամանակ ինքն ասում էր՝ ոչ թե իրենց քաղաքական թիմն է հեղափոխություն անելու, այլ իրենք ստեղծելու հնարավորություն, որ հասարակությունը որոշի, թե որ Հայաստանում է ուզում ապրել. « Այս ընթացքում ձեր ինքնագնահատականն ու ընկալումներն են փոխվել: Մինչեւ էդ ասվում էր ձեզ, որ դուք ոչ մի բան չեք կարող անել, որոշել, փոխվեց էն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»: