Կառավարությունը սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելու փոխարեն պետք է օգնի նրանց աշխատել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին,  Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակիչներից մեկի խնդրանքին՝ մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ համայնքներին:

«Երբ ընդունվեց սահմանամերձ համայնքներին արտոնություն տվող օրենքի նախագիծը, դրա նախաձեռնողներից էի նաեւ ես։ Եվ դա այն ժամանակն էր, որ կրակում էին գյուղերի վրա, գնացինք Այգեպար, հետո Մովսես»,– հիշեց Փաշինյանը, որին ի պատասխան քաղաքացիներից մեկը նշեց, որ այդ այցերի ժամանակ հանդիպել են, Փաշինյանն էլ կատակեց. «Էն գառը իրար հետ ենք կերե՞լ»:

Ապա վարչապետը շարունակեց. «Այն ժամանակ խնդիր էինք դրել, որ էլեկտրականության մի մասն արտոնյալ պայմաններով տրամադրվի եւ այլն, բայց մենք գիտենք, որ դա սիմվոլիկ էր, լավ, կարելի է մի քիչ էլ ավելացնել, կրկնապատկել կամ եռապատկել, բայց դա ընդամենը սիմվոլիկ ակցիա է։ Հիմա դուք շատ կարեւոր հարց եք բարձրացնում՝ մենք ինչպե՞ս պետք է սահմանամերձ համայնքներին աջակցենք։ Մենք սահմանամերձ համայնքներին աջակցելու մի ձեւ ենք գտնում. պիտի կանգնենք այն գործարարների կողքին, որոնք գալիս եւ այստեղ ներդրում են անում, որ աշխատատեղ ստեղծեն, շահույթ ստանան, մի հատ էլ շենք նորոգեն, մի քանի ուսանողի ուսման վարձ վճարեն, տեղական տուրքեր վճարեն, այսպիսով, համայնքներն ավելի մեծ հնարավորոթյուններ կունենան»։

Փաշինյանը կրկին հորդորեց արտերկրում բնակվողներին Հայաստանում ներդրումներ անել. «Մեր ժողովուրդն օգնություն խնդրող չի, մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է, որը կարող է իր տունը շենացնել։ Եվ մենք՝ կառավարությունը պետք է աջակցենք ամեն ինչով։ Եթե մեկը քաղցած է, պետք է ոչ թե ձուկ տալ, այլ պետք է օգնել, որ նա ձուկ բռնի։ Հայաստանում ձուկ տալու ժամանակն անցել է»։