Շեքինյան վերաքննիչ դատարանում ՌԵԱԼ կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի գործով օգոստոսի 10-ին նշանակված նոր դատաքննությունը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Դա պաշտոնապես պատճառաբանվել է պետական մեղադրողի չներկայանալով, հայտնում է contact.az-ը: Սակայն ակտիվիստները դատախազին տեսել են դատարանի շենքում:

Մամեդովի կողմնակիցները կարծում են, որ իշխանությունները դատավարությունը հետաձգել են Բաքվից քաղաքացիական հասարակության մեծ թվով ներկայացուցիչների, ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ արեւմտյան դիվանագետների դատարան գալու պատճառով:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովին ձերբակալել էին 2013 թվականին՝ Իսմայիլիում  անկարգությունների կազմակերպման եւ ակտիվ մասնակցության մեղադրանքով: 2014 թվականին դատարանի որոշմամբ նա ազատազրկվել է 7 տարով: Սակայն ՄԻԵԴ-ը երկու անգամ որոշում է ընդունել այս դատավճռի չհիմնավորվածության մասին: Դրանից հետո Ադրբեջանի Գերագույն դատարանի պլենումը հունիսի 29-ին  տեղական դատարանների վճիռները չեղարկել է եւ գործն ուղարկել Շեքինյան վերաքննիչ դատարան նորից քննելու: