ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 10-ին, լրագրողների հետ զրույցում խոսել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին եւ մեկնաբանել նրա կողմնակիցների այն պնդումները, թե վերջինիս նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես այսօր այս թեմայով որեւէ մեկնաբանություն անեմ, որովհետեւ ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես միջամտություն գործին։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,– նշել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: