Հունաստանում 13 վարչական շրջաններից 8-ում հայտարարվել է հրդեհների բարձր վտանգի մասին, փոխանցում է RG-ն: 
Այսօրվանից Հունաստանի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը Ատտիկայում, Պելոպոնեսսում, կենտրոնական եւ հյուսիսային Հունաստանում, ինչպես նաեւ Իոնյան եւ Էգեյան ծովի կղզիներում շրջանային եւ քաղաքային իշխանություններին լիարժեք ռազմական պատրաստվածության ռեժիմ է տեղափոխել: Հրշեջ ստորաբաժանումները նշված շրջաններում եւս պատրաստվում են հրդեհներին:

Քաղաքացիներին արգելվում է որեւէ հրդեհավտանգ գործունեություն ծավալել, այդ թվում՝ խոտ այրել, չհանգցված ծխախոտ նետել, խորոված անել եւ հրդեհներ առաջացնող մեխանիզմներ օգտագործել:

Հիշեցնենք, որ Ատտիկայում լայնածավալ անտառային հրդեհների հետեւանքով  93 մարդ է զոհվել: Հունաստանի ժամանակակից պատմության մեջ ամենամահաբեր ողբերգությունից հետո երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր երկրի քաղաքացիական պաշտպանության համակարգի ամբողջական վերակազմակերպման մասին եւ հրամանագիր էր ստորագրել Արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ազգային գործակալության ստեղծման մասին: