Գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել ենք այն հարցը, որ գյուղացուն դրամական օգնություն տրվի կոնկրետ ցանված հողատարածքի համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով  այն հարցին, թե ճիշտ չի լինի, որ կոնկրետ հող մշակող գյուղացուն գումար տրվի այլ ոչ թե էժան գնով պարարտանյութ կամ դիզվառելիք:

«Սա դեռ որոշում չի, որովհետեւ թեման քննարկում ենք: Այս պահին ոնց որ հնարավորություն ունենք աշնանացան մեկ հեկտար հողին որոշակի սկզբունքներով 60 հազար դրամի օգնություն տալ եւ հիմա պետք է քննարկենք, թե ինչքանով է ճիշտ այդ գումարն օգտագործել այդ ծրագրի վրա: Ես ուզում եմ ասել, որ մենք գումար ունեինք, որը նախատեսված էր կաթիլային ոռոգման եւ հակակարկտային ցանցերի տեղաբաշխմանը, բայց այս տարի այդ գումարները չեն ծախսվել, քանի որ հետաքրքրություն չի եղել եւ ընդհանրապես 300 միլիոն դրամի կարգի գումար կա, որը չի ծախսվել այդ ուղղությամբ»,- ասաց նա: