«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյլաներն Իդլիբ նահանգում ձերբակալել են զինված ընդդիմության խմբավորման այն դաշտային հրամանատարներին, որոնք համաձայնել են հաշտության պայմանագրեր կնքել սիրիական բանակի հետ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Al Akhbar-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ կալանավորվել է առնվազն 50 հրամանատար, որոնք կապ են հաստատել սիրիական հրամանատարության հետ՝ հաշտության համաձայնագրեր կնքելու համար:

«Ջեբաթ ան Նուսրա»-ն նաեւ պարետային ժամ է հայտարարել Իդլիբի հարավ-արեւելքում գտնվող 17 բնակավայրերում՝ մտավախություն ունենալով, որ դրանց բնակիչներն ապստամբություն կսկսեն իրենց դեմ եւ կդիմեն կառավարական զորքերի օգնությանը, ինչպես դա ավելի վաղ տեղի ունեցավ Արեւելյան Գուտում եւ Դերաա հարավային նահանգում:

Նշենք, որ ահաբեկիչների բանդաները վերահսկում են հյուսիս-արեւմտյան նահանգի մոտ 60 տոկոսը, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Մյուս մասը գտնվում է Անկարայի հետ համագործակցող Սիրիայի ազատ բանակի եւ իսլամական արմատական խմբերի զինված ընդդիմադիրների ձեռքում: