Տեղատարափ անձրեւները Աջարիայի բնակիչների եւ հյուրերի համար խնդիրներ են ստեղծել: Բաթումիում, Քոբուլեթիում եւ Մախինջաուրի բնակավայրում ավտոճանապարհները, փողոցները եւ բնակելի տները ջրածածկ են եղել, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Աջարական հեռուստատեսության տեղեկություններով՝ անձրեւը սկսվել է այսօր առավոտյան:

Եղանակային վատ պայմանների պատճառով Բաթումիում ավտոտրանսպորտի երթեւեկությունը սահմանափակվել է, ջրածածկ են եղել շենքերի առաջին հարկերում գտնվող շատ խանութներ: Վաղ առավոտից քաղաքի փողոցներում աշխատում են քաղաքային ծառայությունները, որոնք զբաղված են դրենաժային համակարգը մաքրելով: Կեսօրին փողոցներում ջրի մակարդակը սկսել է նվազել: Խնդիրների հետ, որոնց բախվել է բնակչությունը, ծանոթացել է Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն: Չնայած դրան, Աջարիայի մայրաքաղաքի բնակիչները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ:

Անձրեւի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել Բաթումի-Քոբուլեթի կենտրոնական ավտոմայրուղում: Այնտեղ ստեղծված ավտոմեքենաների խցանումը ձգվել է մի քանի կիլոմետր: Հարյուրավոր մեքենաներ չեն կարողացել երթեւեկությունը շարունակել, քանի որ մայրուղու առանձին հատվածներ նույնպես ջրի տակ են հայտնվել:

Ջրհեղեղի հետեւանքների դեմ են պայքարում նաեւ հանգստավայրային Քոբուլեթիի բնակիչները: Այստեղ անձրեւից հետո ջրածածկ են եղել տների բակերը, նկուղները եւ առաջին հարկերը:

Քոբուլեթիից արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն է ստացվել մոտ 30 կանչ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է հատուկ շտաբ, որը պայքարում է ջրհեղեղի հետեւանքների դեմ: Ավելին՝ ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք պարեկում են քաղաքում:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հորդ անձրեւների եւ քամու հետեւանքով Քոբուլեթի համայնքի գյուղերում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, տապալվել են մի քանի հենասյուներ: Ընդհանուր առմամբ էլեկտրականությունից զրկվել են մոտ 10 գյուղերի բնակիչները: Էլեկտրաբաշխիչ  ընկերությունների աշխատակիցներն այս պահին աշխատում են խնդիրները լուծելու համար:

Եղանակային վատ պակմանները խնդիրներ են ստեղծել նաեւ Չակվի, Գորգաձեեբի եւ Մախինջաուրի բնակավայրերի ճանապարհներին: Հենց այս բնակավայրերով է անցնում կենտրոնական ավտոմայրուղին: Մախինջաուրիի երկաթուղային կայարանի շենքի մոտ ավտոտրանսպորտի երթեւեկությունը մի քանի ժամով սահմանափակվել է: