Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արծվիկ Մինասյանը կարեւորել է հայ-բելառուսական առեւտրատնտեսական կապերը։ Նախարարը նաեւ նշել է այն մեծ պոտենցիալը, որը կա եւ կարող է նոր մակարդակի բարձրացնել երկու բարեկամ եւ գործըներ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել մի խումբ հարցերի, որոնք կարող են աշխուժացնել գործարար հարաբերությունները Հայաստանի եւ Բելառուսի միջեւ։

Հանդիպմանը խոսվել է մի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակների մասին, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթեւ արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։ Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին եւ Երեւանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային հանդիպումների մասին եւ եւս մեկ անգամ հավաստել համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։