Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական անդունդը վերացնելու միայն երկու ճանապարհ կա. կա՛մ փոխըմբռնում՝ բարիդրացիական հարաբերությունները հնարավորինս պահպանելով, կա՛մ կապերի բացարձակ խզում, որը կործանիչ հետևանքներ կունենա Թուրքիայի տնտեսության և ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի համար: Սակայն երկու դեպքում էլ նախկին կարգավիճակին վերադառնալ հնարավոր չէ: Այս մասին գրում է Bloomberg-ի խմբագիրներից Թերեզա Ռաֆայելը:

Նրա խոսքով՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ձերբակալելուց հետո Թուրքիան տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում: Թրամփի վարչակազմի կողմից Թուրքիայի երկու նախարարների դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո չորեքշաբթի Stars and Stripes-ը հայտնել է, որ Թուրքիայի կառավարամետ փաստաբաններն ահաբեկչական բնույթի մեղադրանք են ներկայացրել Ինջիրլիքում ԱՄՆ մի քանի սպաների դեմ: Նրանք պահանջում են ռազմաբազայից բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցնել և խուզարկության թույլտվություն տրամադրել:

Հարաբերությունների նման սրումը, փորձագետի կարծիքով, մասամբ կապված է տարիներ շարունակ կուտակված դժգոհության հետ՝ չնայած ձևական հավատարիմ բարեկամությանը: ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնորդների կողմից Թուրքիային աջակցությունը թուլացել է Թուրքիայում տարիներ շարունակվող ավտորիտար կառավարման, մարդու իրավունքների ոտնահարման և Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի հետ համագործակցելու արդյունքում: Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը և Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման սահմանափակումները նույնպես նպաստել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների գժտվելուն:

«Զայրույթը փոխադարձ է: Էրդողանն այդպես էլ չհամակերպվեց 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի մասին հայտարարությունից հետո իր դաշնակիցների ձեռնպահ վերաբերմունքի հետ: Նա նաև բարկացած է, որ Ամերիկան աջակցում է Սիրիայի հյուսիսում Իսլամական պետության դեմ պայքարող քուրդ զինյալներին: Ավելի վաղ այս տարի նա սպառնացել էր ամերիկյան զորքերին «Օսմանյան ապտակ» հասցնել, եթե ԱՄՆ-ն փորձի խոչընդոտել թուրքական ուժերի մուտքը հյուսիսարևմտյան Սիրիա»,- գրում է Ռաֆայելը:

Հեղինակը նշում է, որ վեճի առիթներից է նաեւ Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային չհանձնելն է, ում Էրդողանը մեղադրում է հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Իրանի միջուկային համաձայնագրից Թրամփի դուրս գալն էլ՝ մյուս կողմից. Թուրքիա ներմուծվող նավթի գրեթե կեսը գալիս է Իրանից, ուստի պատժամիջոցների կիրառումը բացասաբար է ազդում այդ երկրի տնտեսության վրա:

«Բրանսոնի հետ կապված իրավիճակն անհնար դարձրեց այս ամենն անտեսելը: Սակայն դա չի նշանակում, որ Թրամփի վարչակազմը դարձել է Թուրքիայում մարդու իրավունքների գերագույն պաշտպան: Ամենևին: Թրամփը, ում անունով շքեղ ունեցվածք կա Թուրքիայում, 2017-ին Էրդողանին հանդիպելիս նրա հասցեին միայն գովասանք է հնչեցրել: Իսկ երբ Էրդողանի կողմնակիցները հարձակվեցին Վաշինգտոնում ցուցարարների վրա, հարցը լուծվեց անաղմուկ»,- գրում է փորձագետը:

Նա նաև նշում է, ԱՄՆ-ն կարող է իրեն թույլ տալ ավելի երկար խաղալ: Չնայած հունիսի 24-ի ընտրություններն ավելի ամրապնդեցին Էրդողանի իշխանությունը, սակայն նա պուտինյան մասշտաբով չհաղթեց: Թուրքիան քաղաքականապես պառակտված է, և որքան Էրդողանը շարունակի իշխել բռնի ուժով, այնքան խոցելի կդառնա, հատկապես, եթե Թուրքիայի տնտեսությունը շարունակի տուժել: Միայն երկրի ազգային արժույթի անկումն արդեն շատ բան է ցույց տալիս:

Սակայն նույնիսկ այս դեպքում դիվանագիտական լուծումն առավել գերադասելի է: Տնտեսության հաշվին Բրանսոնին պահելով, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լարելով՝ Թուրքիան վատթարացնում է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններն ու կորցնում արդեն իսկ քչացած ներդրողներին:

Ռաֆայելն ամեն դեպքում կարծում է, որ Թուրքիայի ամերիկյան աջակցությունը մեկ օրում չի կարող վերանալ: Երկրներին շատ բան է կապում: