«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր է՝ դաշինքով մասնակցի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, հնարավոր է եւ առանձին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Նոյեմբերյանում լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աներկբա է բայց, որ մեր թեկնածուով պետք է լինի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց կողմից առաջարկ է եղել, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել. «Մենք գիտենք իրենց դիրքորոշումը, իրենք գիտեն մեր դիրքորոշումը, մենք իրենց առաջարկ էինք արել, իրենք պետք է էդ առաջարկը քննարկեին, հետո մի մասը ընդունելի չի եղել եւ էդպես»:

Դիտարկմանը, թե շատ է քննարկվում ՔՊ-ի կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչապետն ասաց, որ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ եւ մենեջեր:

«Դուք բոլորդ դրանում կհամոզվեք»,- ասաց վարչապետը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին,  որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմում, սակայն պատգամավորները միացել են ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանության համար կազմակերպված ստորագրահավաքին՝ Փաշինյանն ասաց. «Յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին»: