Իտալիայի փոխվարչապետ Մաթեո Սալվինին հանձնարարել է փոփոխություններ մտցնել պաշտոնական փաստաթղթերում, որպեսզի նույնասեռ զույգերը չկարողանան իրենց երեխայի ծնողներ հայտարարել, հաղորդում է Reuters-ը:

Կաթոլիկ ինտերնետային թերթին տված հարցազրույցում Սալվինին ասել է, որ նա հանձնարարել է փոփոխություն կատարել երեխաների գրանցման  դիմումի ձեւի մեջ, որպեսզի այդտեղ հստակ նշված լինեն մայր եւ հայր՝ «ծնող 1» եւ «ծնող 2»-ի փոխարեն:

 «Մենք պաշտպանելու ենք բնական ընտանիքը, որը հիմնված է տղամարդու եւ կնոջ միության վրա: Այդ նպատակով ես օգտագործելու եմ իմ ողջ ուժը», - ասել է Սալվինին:

Իտալիայում փոխնակ հղիությունը անօրինական է, իսկ նույնասեռ զույգերը չեն կարող երեխաների որդեգրել: Սակայն որոշ դատարաններ եւ քաղաքապետարաններ զույգից մեկին հոր կամ մոր ծնողական կարգավիճակ են տալիս, որոնք նախորդ հարաբերություններից երեխաներ են ունեցել, չնայած այդ իրավունքը ամրապնդված չէ ազգային օրենսդրությունում: