Անկարան ըստ անհրաժեշտության  պատասխան միջոցներ կձեռնարկի պողպատի եւ ալյումինի ներմուծման վերաբերյալ ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ պատժամիջոցներն ու ճնշումը վնաս կհասցնեն ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ կապերին: Նրա խոսքով, Անկարան ցանկանում է, որ խնդիրները լուծվեն դիվանագիտության, երկխոսության, բարի մտադրությունների եւ փոխըմբռնման միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր  հավանություն եմ տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, այն ժամանակ, երբ իրենց արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի համեմատ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կկազմեն 20, պողպատի համար՝ 50 տոկոս: Այժմ մենք վատ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»: