Ռուսական զենքի մատարարումների հետ կապված պայմանագրային  պայմանավորվածությունները երկկողմանի կատարվելու են, դեռեւս այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու: Այս մասին Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը խոսել է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին:

«Ես կարծում եմ, որ մենք ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո գտնվում ենք նոր իրավիճակում: Նոր իրավիճակից բխում է նաեւ նոր հարաբերությունների ճշգրտում, խոսքը գնում է ոչ թե ռազմաքաղաքաղական կամ աշխարհաքաղաքական ճշգրտումների, այլ նոր իշխանություններ են եւ ՌԴ կառավարության հետ նոր հարաբերություններ են հաստատվում: Իհարկե, կարող են լինել աշխատանքային գործունեության հետ կապված որոշ խնդիրներ, բայց համագործակցությունը մասնավորապես պաշտպանության ոլորտում համընթաց շարունակվում է: Իմ գնահատականով այստեղ չկան խնդիրներ»,-ասել է նա:

Դավիթ Տոնոյանը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի հետ քննարկել է Նախիջեւանի հատվածում լարվածությունը եւ ՌԴ-ն հայտնել է իր մտահոգությունը, նախարարը ընդգծեց, որ  այդ լարվածությունը դիտարկվում է նույն համատեքստում:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքը կհանդիպի նաեւ  Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ: