ԼՂ  հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է նախապատրաստական փուլ: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Դիլիջանում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կա որևէ նորություն՝ կապված Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հետ:

«Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման որևէ սցենարի, այդ թվում՝ բանակցությունների: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի համար մանավանդ այս քաղաքական իրավիճակում բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ: Մենք մեր քաղաքական պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու հարցում՝ ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք և Հայաստանի ազգային շահերի համատեքստում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: