Կասպյան «հնգյակի» երկրները պայմանավորվել են ծովի հատակով խողովակաշար անցկացնելու հնարավորության շուրջ: Այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է կիրակի Ակտաուում տեղի ունեցած 5-րդ Կասպիական գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Յուրաքանչյուր պետություն իրականացնում է Կասպից ծովի հատակի իր հատվածի սահմաններում ընդերքի օգտագործման իր ինքնիշխան իրավունքները: Ընդ որում՝ նախատեսվել է ծովի հատակով մագիստրալային խողովակաշարերի եւ կաբելների անցկացում՝ բնապահպանական պահանջների պահպանման պայմանով: Կասպիցի բնապահպանական համակարգը եւ նրա բոլոր բաղադրիչները կգտնվեն համաշխարհային պաշտպանության եւ պահպանության ներքո»,- ասել է Նազարբաեւը:

Նա նշել է, որ ծովի մոտ ցանկացած գործունեություն չպետք է վնաս հասցնի ծովի շրջակա միջավայրին եւ կենսաբանական բազմազանությանը:
«Կարեւոր նշանակություն ունի մյուս ծովերին եւ համաշխարհային օվկիանոսին ազատ տարանցման մասին պայմանավորվածությունը: Այս ամենը կոչված է մերձափնյա պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելուն, ինչպես նաեւ ընդհանրապես Կասպիցի տարածաշրջանի տարանցման պոտենցիալի մեծացմանը»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը: