Գյուղատնտեսության նախարարության հրապարակած թվերով՝ 65-75 հազարի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկում է եղել, որը, բնականաբար, պետք է հանգեցներ մսամթերքի գների բարձրացման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ մեկնաբանելով մսամթերքի բարձր գները շուկայում:

Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարության վարած «տգետ» քաղաքականության պատճառով է նման վիճակ տիրում:

«Գյուղատնտեսության նախարարության քաջագործություններից մեկն այն էր, որ երբ սպանդանոցները տեղադրում էին, հաշվի չէին առնում, որ սպանդանոցների քանակը պետք է համապատասխան լինի անասունների գլխաքանակին: Գեղարքունիքի մարզն ընդամենը երկու սպանդանոց ունի, այնտեղ ի վիճակի էլ չեն այդքան մորթ կազմակերպել։ Ի՞նչ են անելու, ստիպված թուղթ են վաճառելու, տեղեկանք են վաճառելու։ Եվ հակառակը՝ Կոտայքի մարզում, որտեղ 40-45 հազար խոշոր եղջերավորների գլխաքանակ կա, 3 սպանդանոց է տեղադրվել: Սպանդանոցներն այս պատճառով թուղթ են վաճառում, եւ այդ թուղթն արժե 10 հազար դրամ: Այդ ամենը բերում է մսամթերքի թանկացման»,- հավելեց մասնագետը: