Նոր Հայաստանում երիտասարդները, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին ու արժեքներին, իսկապես կարող են այս կամ այն ոլորտում պատասխանատու, շատ պատասխանատու դերակատարում ստանձնել: Այս մասին ասված է Երիտասարդության միջազգային օրվա առիթով հրապարակված ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի շնորհավորական ուղերձում:

«Սիրելի´ երիտասարդներ, այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերը աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները:

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ այսօր երկրի կառավարման ղեկը ժողովրդից ստացած քաղաքական թիմը ոչ միայն չի թերագնահատում ձեզ և ձեր սահմաններ չճանաչող ներուժը, այլև ամեն կերպ խրախուսում է ձեր մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական կառավարման և մյուս ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով, այո´, Նոր Հայաստանում երիտասարդները, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին ու արժեքներին, իսկապես կարող են այս կամ այն ոլորտում պատասխանատու, շատ պատասխանատու դերակատարում ստանձնել:

Սիրելի´ սփյուռքահայ երիտասարդներ, վստահ եմ, որ նոր իշխանությունների այս քաղաքականությունը կոգեշնչի նաև ձեզ, քանի որ Հայաստանը մտադիր է լավագույնս օգտագործել նաև ձեր ներուժը՝ պետական կառավարման մեջ:

Դե իսկ ինչ ներդրում եք դուք՝ երիտասարդներդ, ունեցել Թավշյա հեղափոխության կազմակերպման և իրականացման գործում, ես, թերևս, լռեմ: Եվ ուրեմն, շնորհավորում եմ բոլորիդ՝ այսչափ կարևոր տոնի առթիվ:

Հ.Գ. Ի դեպ, ասում են՝ Եվրոպայի գործող ամենաերիտասարդ նախարարը ևս Հայաստանից է»,- մասնավորապես, ասված է սփյուռքի նախարարի ուղերձում: