2018 թվականին զբոսաշրջային հոսքերի արձանագրված ցուցանիշները չեն արդարացրել Հայաստանի տուրօպերատորների սպասելիքները: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Rima Travel տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս տարի Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկներ են այցելել, քան նախատեսվում էր: «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում հանգիստը շատ թանկ է, քան, օրինակ, Եգիպտոսում, Անթալիայում եւ այլ ծովափնյա հանգստավայրերում. Այստեղ ծառայությունների համալիր փաթեթներն ավելի թանկ են հյուրանոցային բարձր գների, ավիատոմսերի բարձր արժեքի պատճառով»,- նշեց Ռիմա Խաչատրյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է չարտերային չվերթներ ներդնել՝ ճամփորդական ծառայությունների ավելի մատչելի տարբերակներ առաջարկելու համար:

Նա նշեց, որ ամռանը շատ հայեր հանգստանում են Վրաստանում, քանի որ դա ավելի էժան է, քան հանգիստը Հայաստանում, թեպետ սպասարկումը հյուրանոցային համալիրներում շատ բարձր որակ չունի: «Ո՞րն է պատճառը, որ ամռանը վրացիները չեն գալիս Հայաստան: Մենք ինքներս մեզ պետք է տանք այդ հարցը»,- ասաց տուրիստական գործակալության ղեկավարը:

Նա հեգնանքով նշեց, որ դժվարանցանելի ճանապարհների պատճառով Հայաստանում ավելի զարգացած է ոչ թե պատմական, այլ էքստրեմալ տուրիզմը:

«Հայաստանին պատմական եւ բնության գեղատեսիլ վայրեր տանող ճանապարհները ողբալի վիճակում են գտնվում: Գիդերն ու վարորդները, ճանապարհորդելով մեր ճանապարհներով, բառացիորեն վախենում են իրենց կյանքի համար»,- հավելեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա նա նշեց, որ Եգիպտոսը 2018 թվականի ամռանն ամենապոպուլյար տուրիստական ուղղությունն է դարձել հայերի համար:

«Դա պայմանավորված է այն նրանով, որ Եգիպտոսն բավականին ցածր գներով տուրեր է առաջարկում, որոնք տուրիստական ծառայությունների համալիր փաթեթներ են ներառում՝ լիարժեք սնունդ, երկու ուղղություններով ավիատոմսեր եւ այլն»,- պարզաբանեց տուրիստական գործակալության տնօրենը: Մյուս վայրերը, որտեղ հայերը նախընտրում են հանգստանալ ամռանը, Անթալիան, Դուբայն ու Շրի Լանկան է: