Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին դատարանից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ բողոքը քննել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նա խորհրդակցական սենյակ էր հեռացել ուրբաթ՝ օգոստոսի 10-ին: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

«Ռոբերտ Քոչարյանն արդեն դուրս է եկել դատարանից եւ հեռացել է: Անձը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման եւ պատասխանատվության իր պաշտոնավարման եւ պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

 

Պաշտպանը նշեց, որ իր կարծիքով մեղադրանքի կողմը Վերաքննիչի որոշումը կբողոքարկի Վճռաբեկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: