Անցյալ շաբաթ մահացած հայտնի ռուս նկարիչ եւ հայազգի քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը հաղորդել է, որ Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է Նովոդեվիչյե գերեզմանատանը տեղ հատկացնել ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի թաղման համար, հաղորդում է Rusarminfo-ն:

«Մի ամբողջ օր մենք փորձում էինք Նովոդեվիչյե գերեզմանատանը Նիկոլայ Նիկողոսյանին թաղելու համար քաղաքապատերանի թույլտվությունը ստանալ, ինչի համար, բացի ընտանիքից միջնորդել էր նաեւ Հայաստանի դեսպանատունը, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան, Ռուսաստանի նկարիչների միությունը, սակայն պարզվեց, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսը, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրը, Ժողովուրդների բարեկամության, Պատվո եւ շատ այլ պետական շքանշանների ասպետը, Նովոդեվիչյե գերեզմանատանը 20-ից ավելի հուշարձանների հեղինակը  չի կարող թաղվել իր քանդակների շրջանում», —Facebook-ի իր էջում գրել է Գայանե Նիկողոսյանը:

Ըստ նրա, Մոսկվայի քաղաքապետարանի դիրքորոշման պատճառով Նիկողոսյանի թաղման վայրի եւ ժամի մասին որոշում դեռ չի կայացվել:

Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը Նիկողոսյանի դստերն առաջարկել են, որ նա Կոմիտասի անվան պանթեոնում թաղի հորը: Ի պատասխան, Գայանե Նիկողոսյանը կողմ է արտահայտվել այս առաջարկին, բայց միեւնույն ժամանակ նշել, որ թաղումը կարող է շատ երկար ժամանակ տեւել, քանի որ Հայաստանի կառավարությունը պետք է համապատասխան որոշում կայացնի:

Հայտնի խորհրդային եւ հայ քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել էր 100 տարեկանում 2018 թվականի օգոստոսի 10-ին, Մոսկվայում: