Իրանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, եւ պաշտոնական Երեւանը հետեւում է Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Այս մասին օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Իրանի դեմ սահմանած ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին հարցին:

«Մենք շարունակում ենք բաց երկխոսություն վարել ինչպես իրանի, այնպես էլ բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն հայտնում ենք մեր դիրքորոշումը եւ մեր մտահոգությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ Իրանի հետ հարաբերությունների պրիզման արտացոլված է կառավարության ծրագրում:

Պատասխանելով պարզաբանելու խնդրանքին, թե երբ, ի վերջո, կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան, ինչի մասին հայտնել էր ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը, Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ծրագրում առայժմ նման այց նախատեսված չէ: Ըստ նրա՝ խոսքը ընդհանրապես այցերի մասին էր, սակայն կոնկրետ ժամկետներ չկան, ինչի մասին նշված կառույցի ղեկավարը հայտնել է «Արմենպրեսին» տված պարզաբանման մեջ: Սակայն, քանի որ այցի մասին հայտնել է ԱԽ մամուլի ծառայությունը, նպատակահարմար է նրանից էլ ճշտել հայտնի տեղեկությունը: