Մինչ օրս նույն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքներն են: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հարցը:

Ըստ Ալավերդյանի՝ բանակցային գործընթացի այս ձեւաչափը բացարձակ ձեռնտու չէ ղարաբաղյան կողմի համար եւ չի համապատասխանում ընդհանուր տարածաշրջանի շահերին:

«Մենք բանակցային սեղանին այլեւս ոչինչ չունենք: Մենք ունենք միայն այդ մադրիդյան սկզբունքները ... Արդյունքում, մենք հասել ենք նրան, ինչի մասին հայտարարել էր դեռ  Հայաստանի առաջին նախագահը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, որ Հայաստանը համաձայն է, որպեսզի Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, սակայն՝ ավելի բարձր կարգավիճակի շրջանակներում, այսինքն` որպես ինքնավար հանրապետություն, այլ ոչ թե ինքնավար մարզ»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

Ընդ որում, ըստ Ալավերդյանի, այս համաձայնագրից հետո հայկական կողմը ոչ մի իրական քայլ չի ձեռնարկել այդ մոտեցումը փոխելու համար: Իրավապաշտպանը նշեց, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները միանշանակորեն եւ կոշտ կերպով հայտարարել են, որ Ղարաբաղը չի կարող ուղից կերպով ենթարկվել Ադրբեջանին, քանի որ այն երբեք անկախ Ադրբեջանի պետության մաս չի եղել, սակայն այս դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքներում այդպես էլ չի նշվել:

Միեւնույն ժամանակ, Ալավերդյանը շեշտեց, որ հայկական կողմը չի կարողանա միակողմանի կերպով դուրս գալ այս համաձայնագրից, քանի որ դա կարող է շատ ուժեղ հարված հասցնել իր միջազգային հեղինակությանն ու դիրքորոշմանը: Հետեւաբար, ըստ Ալավերդյանի, անհրաժեշտ է աշխատել այն շրջանակներում եւ այն հարթակներում, որոնք արդեն իսկ առկա են, սակայն՝ առաջ տանելով սեփական դիրքորոշումը, քանի որ հայկական կողմը հաղթող կողմն է եւ որպես հաղթող կարող է իր պահանջներն առաջադրել: