Իրաքի հյուսիսում հայտնաբերվել են Միջագետքի ամենահին գարեջրի մնացորդներ, դրանք ավելի քան 2500 տարեկան են: Գտածոյի մասին Գլազգոյի համալսարանի բրիտանացի հնագետները պատմել են Journal of Archaeological Science ամսագրին, փոխանցում է «Գազետա»-ն:

Ուսումնասիրելով կավե տարաների պատերին մնացած նստվածքի քիմիական բնութագրերը՝ հնագետները խմորած գարու հետքեր են գտել: Ըստ նրանց՝ տարաներում, անշուշտ, գարեջուր է եղել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցյալում ժամանակակից Իրաքի մաս կազմած Միջագետքում մարդիկ գարեջում էին եփում եւ օգտագործում, սակայն այդ տեղեկությունները հիմնականում հիմնված էին այդ ժամանակի ֆրեսկների եւ լեգենդների վրա, իսկ ուղիղ ապացույցներն առաջին անգամ են գտնվել:

Հետազոտողները փորձել են վերստեղծել Միջագետքի գարեջրի համը՝ օգտագործելով պոեմներում նկարագրված բաղադրիչներն ու տեխնիկան: Դեռ վաղ է այն փորձել, սակայն գարեջուրը, գիտնականների խոսքով, սարսափելի բույր ունի: Նրանք հուսով են, որ Միջագետքի տարածքում գտնված մեկ այլ տարայի նստվածքի բնութագրերի ուսումնասիրությունը թույլ կտա ավելին իմանալ այն մասին, թե ինչ են կերել եւ խմել դրա բնակիչները: