Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունից, փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումներն իսկապես նշանակալի են եղել և համոզմունք հայտնեց, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերն, անկասկած, կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Պարոն Ավինյանը նկատեց նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝  կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ասաց, որ իր համար իսկապես մեծ պատիվ է ոչ միայն այս կառույցը ղեկավարելը, այլ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմելը: Իր խոսքում պարոն Պետրոսյանը հույս հայտնեց, որ դեռևս 90-ականներին սկզբնավորված և 2010 թվականից բարեփոխվող կադաստրը կվերաարժևորի իր դերը Նոր Հայաստանի պայմաններում և կրկին կհանդիսանա հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների լոկոմոտիվը, իսկ թիմը կկարողանա արժանապատվորեն լուծել իր առջև դրված խնդիրները:

Վերջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Մուսայանին և արդյունավետ աշխատանք մաղթեց համակարգի աշխատակիցներին: