Յուտայի բնակիչը ինքնաթիռով մխրճվել է սեփական տան մեջ՝ կնոջ հետ վեճից հետո մի քանի ժամ ոստիկանության բաժանմունքում անցկացնելուց հետո։ Այդ պահին տանը եղել են նրա կինն ու երեխան։ Ողջ են մնացել բոլորը, բացի հենց տղամարդուց՝ 47-ամյա Դուեյն Յուդից, փոխանցում է BBC–ն։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը մոտ 2.30–ին Փեյսոն քաղաքում՝ Սոլթ Լեյք Սիթիից 95 կմ հարավ։ Ոստիկանությունում Յուդին փորձառու օդաչու են անվանել եւ ենթադրում են, որ նա միտումնավոր է մխրճվել տան մեջ։

Յուդին կալանավորել են ընտանեկան բռնության կասկածանքով, նա մի քանի ժամ անցկացրել է ոստիկանության բաժանմունքում, որից հետո ազատվել է գրավի դիմաց։  

Զույգը սկզբում խմել է, իսկ հետո գնացել է զբոսանքի, որ պարզեն իրենց հարաբերություններում առաջացած խնդիրները։ Արդյունքում խոշոր սկանդալ է ծագել։

Մի քանի ժամ անց Յուդը ինքնաթիռով ուղղվել է դեպի սեփական տուն եւ մխրճվել դրա մեջ։

Ականատեսները պատմում են, որ երկուհարկանի տան ամբողջ ճակատային հատվածում կրակ է բռնկվել։

Պատահարի հետաքննությամբ զբաղվում է ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ Թռիչքների անվտանգության ապահովման ծառայությունը։