Իտալիայի հյուսիսային Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ է: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Rai News 24-ը՝ վկայակոչելով Իտալիայի ներքին գործերի նախարարության իր տեղեկացված աղբյուրները: Ընդ որում, որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ, ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է առնվազն 20 մարդ:

Օգոստոսի 14-ին հանկարծակի փլուզվել է Պոլցեվերա գետի եւ երկաթուղային տեսակավորման կայարանի վրայով ձգվող կամրջի 200 մետրանոց հատվածը: Այդ պահին կամրջի վրա շատ ավտոմեքենաներ կային:

Նախնական տվյալներով՝ կամրջի (երկարությունը 1.1 կմ) փլուզման պատճառ կարող էր լինել կրող կոնստրուկցիաների թուլացում՝ ուժգին քամու եւ վատ եղանակի պատճառով:

Հրշեջ եւ բժշկական աշխատակիցները դուրս են բերում մարդկանց փլատակներից եւ տանում են նրանց քաղաքի իվանդանոցները: Ջենովացի բժիշկներին օգնության են հասել նաեւ նրանց գործընկերները հարեւան շրջաններից: