Երբ էլեկտրոնային արտադրանքները, ինչպիսիք են համակարգիչները, հեռախոսները, հեռուստացույցները եւ այլն, հասնում են իրենց կյանքի ավարտին, դառնում են էլեկտրոնային թափոններ: Էլեկտրոնային թափոնները հաճախ պարունակում են վտանգավոր մետաղներ, ինչպիսիք են սնդիկը եւ կապարը: Չնայած դրան, էլեկտրոնային թափոնները պարունակում են զգալի քանակությամբ ոսկի եւ այլ թանկարժեք մետաղներ, որոնք հանելը կարող է նպաստավոր արդյունք ունենալ ոսկու արդյունահանման արդյունաբերության համար:

Նախնական գնահատականներով էլեկտրոնային թափոնների քանակությունը, որը ամեն տարի աղբավայրերում վերամշակվում է, կազմում է 20-50 մլն տոննա: Այս թափոններում ոսկու եւ արծաթի քանակությունը գնահատվում է 60 մլն դոլար: Ամեն 1 մլն հեռախոսից կարելի է հետեւյալ թանկարժեք մետաղները հանել.

16000 կգ պղինձ, 350 կգ արծաթ, 34 կգ ոսկի, 15 կգ  պալլադիում:

Ոսկու արդյունահանման ամենահայտնի մեթոդը ցիանիդով մշակումն է, որը հայտնվել է 1870-ականներին եւ բնությանը պատճառվող լուրջ վնասի պատճառով արգելված է մի շարք երկրներում:  Ցիանիդի մշակմամբ ոսկու արդյունահանումը իրենից ներկայացնում է փոշենման էլեկտրոնային թափոնների եւ նատրիումի ցիանիդի միջեւ ռեակցիա, որը ցիանիդային ոսկու լուծույթ է արտադրում, որից էլ հեշտ է թանկարժեք մետաղը դուրս հանելը:

Մյուս մեթոդներից պետք է նշել թթվով մշակումը: Հայտնաբերվել է, որ քլորաջրածնային թթվի եւ ազոտային թթվի համակցությունը օգտակար տարր է էլեկտրոնային թափոններից ոսկին դուրս հանելու ժամանակ: Մյուս փափուկ թթուները նույնպես հեշտությամբ հանում են ոսկին, քանի որ այս թթուները կարող են շատ լավ լուծել ոսկին՝ միաժամանակ սահմանափակելով շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ազդեցությունը:

Կենսատարալվացումը համարվում է եւս մեկ մեթոդ ոսկու եւ այլ մետաղների դուրս բերման համար:

Վերջին 10 տարիների ընթացքում միկրոկենսաբանական գործընթացները առաջարկվել էին էլեկտրոնային թափոններից որպես պղնձի, ոսկու, պալլադիումի եւ արծաթի արդյունահանման հնարավոր այլընտրանք:

Thiobacillus ferrooxidans եւ T. thiooxidans մանրէները ցույց տվեցին իրենց օգտակարությունը այնպիսի մետաղների արդյունահանման ժամանակ ինչպիսիք են պղինձը, ալյումինը, կապարը եւ ցինկը:

Aspergillus niger-ը եւ Chromobacterium biolaceum-ը իրենից ներկայացնում են 2 միկրոօրգանիզմներ, որոնց օգտագործումը հարմար եւ կայուն մեթոդ է էլ.սարքերից ոսկու ստացման համար:

Ջրային հիմքի վրա EnviroLeach բնապահպանական բանաձեւը բացառում է ցանկացած հնարավոր վնասը, որը կարող է պատճառվել շրջակա միջավայրին կամ մարդու առողջությանը:

Հանքային խտանյութը կամ փոշենման էլեկտրոնային թափոնները խառնում են 5 բաղադրիչ պարունակող սովորական ջրին: Այնուհետ լուծույթը հատուկ պատրաստված ալմաստի թիթեղների բջիջներով քաշում են, ուր այնուհետ էլեկտրականություն է հաղորդվում: Ոսկին եւ այլ թանկարժեք մետաղները առանձնացվում են եւ հանվում լուծույթից, որոնք կարելի է վերալիցքավորել եւ նորից օգտագործել:

EnviroLeach տեխնոլոգիան թույլ կտա տարեկան 50 մլն տոննայով կրճատել էլեկտրոնային թափոնների քանակը: Դրա հետ մեկտեղ այն թույլ կտա ամբողջ աշխարհում կրճատել ոսկու արդյունահանման ծավալները: Հետազոտողները նաեւ կարծում են, որ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կկրճատվեն ինչպես ածխածնի արտանետումները, այնպես էլ ոսկու արդյունահանման հետ կապված կոշտ բնապահպանական հետեւանքները:

Այժմ ամենակարեւորի մասին: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Մենք ցիանիդային Թեղուտ եւ ով գիտի ինչ Ամուլսար ունենք, որը նույնպես պատրաստվում են ցիանիդով մշակել: Ժամանակն է երկարաժամկետ հեռանկարով մտածենք: Տարրական հաշվարկները ցույց են տալիս, որ Ամուլսարը, ի վերջո, վնասաբեր նախագիծ կդառնա: Այդ տեղանքում էկոհամակարգի վերականգնման ծախսերը, Ջերմուկի կորուստը՝ որպես զբոսաշրջային ուղղության եւ առողջարանային կենտրոնի, չխոսելով  այն վնասի մասին, որը կպատճառվի գյուղատնտեսությանը… եւ շատ ուրիշ խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել՝ անվերջ գումարներ ծախսելով: Արդյոք այս ամենը արժե՞ այստեղ եւ այժմ շահույթ ստանալու համար: Չարժե: Բայց սա միայն իմ կարծիքն է: Ես արդեն սովոր եմ, որ ամեն անգամ բնապահպանության թեման բարձրացնելով իմ հասցեին լսում եմ. «դու ոչինչ չես հասկանում»: Ես չեմ ուզում հասկանալ, ինչպես կարելի է վտանգի ենթարկել երկրի էկոհամակարգի ամենազգայուն մասերից մեկը միայն նրա համար, որպեսզի ոսկու համար սար պայթեցվի:

Ըստ իս այլընտրանքն ակնհայտ է, այն է՝ ժամանակին համընթաց գնալ, թե ինչպես՝ վերեւում նշվեց: