Ոստիկանությունը հորդորում է քրեական հեղինակություն «Վստրեչի ապերի»՝ Արամ Վարդանյանի հանցավոր գործունեությունից տուժածներին դիմել իրավապահ մարմիններին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը եւ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առեւանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տեւական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծել ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ եւ Արամ Վարդանյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նա հուլիսի 30-ին հայտնաբերվեց Արաբական Միացյալ Էմիրություններում եւ ձերբակալվեց:

Քրեական գործի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արամ Վարդանյանի հետ հանցագործությունը կատարել է նաեւ Գարեգին Իսկանդարյանը:

Նրան քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց: Նա կալանավորված է:

Այն քաղաքացիները, որոնք տուժել են Արամ Վարդանյանի եւ Գարեգին Իսկանդարյանի հանցավոր գործունեությունից, կարող են դիմել ոստիկանություն: