Մալթայի կառավարությունը հայտարարել է Aquarius փրկարարական նավը ընդունելու պատրաստակամության մասին: Այնուհետ նավի վրա գտնվող ավելի քան 140 փախստականներ բաշխվելու են Գերմանիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի միջեւ: Այս մասին օգոստոսի 14-ին հայտարարել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը, հաղորդում է DW-ն:
Ավելի վաղ Կատալոնիան պատրաստակամություն էր հայտնել Aquarius-ից փախստականներին ընդունելու մասին: Այս մասին տարածաշրջանի ղեկավար Ժոակիմ Տորան գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում: Նրա խոսքով, նավը «բոլոր երաշխիքներով» կարող է միգրանտներին հասցնել Վիլանովա ի լա Ժելտրու, Պալամոս կամ Սան Կառլոս դե լա Ռապիտա նավահանգիստներ: