ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել: Այն, սակայն, տապալվել է: Մինչ ասուլիսի մեկնարկն «Էրեբունի պլազա»-ի բակում, որտեղ պետք է Քոչարյանը հանդիպեր լրագրողների հետ, բողոքի ակցիա է կազմակերպվել: Ակտիվիստները դժգոհել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները նաեւ ասուլիսի սրահ են ներխուժել:

Այնուհետեւ ակտիվիստները շարժվել են դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով բողոքարկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչի որոշումը: Դատախազության ներկայացուցիչն ասել է՝ որոշումը դեռ չեն ստացել. այս ստանալուց եւ քննարկելուց հետո միայն կկարողանան Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել: Ակտիվիստները նաեւ ստորագրահավաք են նախաձեռնել երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ:

Ավելի ուշ բողոքի ակցիային եւ ասուլիսի տապալմանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ տեղի ունեցածն այլախոհության բիրտ ճնշում որակելով: Այստեղ նշել են, որ ասուլիսի ընթացքում կարեւոր քաղաքական հայտարարություններ էին արվելու, բազմաթիվ հարցերի պատասխաններ էին տրվելու: Հայտարարությունում տեղի ունեցածն իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ են համարում՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու եւ լրատվամիջոցների օգնությամբ հանրության հետ շփվելու հնարավորությունը:

Հայաստանում ժողովրդի իշխանություն է հաստատված եւ չկա որեւէ ուժ, որն ի վիճակի կլինի կանգնեցնել ժողովրդի իշխանության հաղթանակը: Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումից եւ բողոքի ակցիաներից կարճ ժամանակ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում օրինականության հաստատումը այլընտրանք չունի, իսկ պետության առջեւ հանցագործություն կատարած բոլոր անձինք պատասխանատվության են ենթարկվելու:

Նա վստահեցրել է, որ իր գլխավորած կառավարությունը չի պատրաստվում ուրիշների թալանը փոխարինել սեփական թալանով կամ ուրիշների գողացածն իր գրպանները տեղափոխել: Նիկոլ Փաշինյանի կրկին քաղաքացիներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, որտեղ օգոստոսի 17-ին պատրաստվում է ամփոփել պաշտոնավարման 100 օրն ու խոսել հետագա անելիքներից:

Վարդան Բոստանջյանին Ազգային ժողովում կփոխարինի Այծեմնիկ Օհանյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել եւ Բոստանջյանի մանդատը փոխանցել «Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավորին:

Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել հուլիսի 31-ին: «Ծառուկյան» խմբակցությունից հայտնեցին, որ պատճառն անձնական է. պատգամավորը երկարատեւ բուժման կարիք ունի: Սակայն մամուլում լուրեր էին պտտվում, որ Վարդան Բոստանջյանը ստիպված է եղել հրաժարական տալ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ նրան առաջադրված մեղադրանքի մասին հրապարակային կարծիք հայտնելու համար, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը պաշտոնապես դիրքորոշում չէր հայտնել:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը խորանում է: Թուրքիայի նախագահը հայտարարել է ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին, քանի որ, Էրդողանի խոսքով, Անկարան «տնտեսական հարձակման» է ենթարկվում:

Այդ երկրի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ չեն պատրաստվում հետեւել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին: Միաժամանակ, Չավուշօղլուն Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու սխալ քաղաքականությունից: Իսկ պատժամիջոցների հետեւանքներն արդեն զգալի են. երկար ժամանակ է՝ չի հաջողվում դադարեցնել թուրքական լիրայի անկումը. դոլարի եւ եվրոյի նկատմամբ դրա փոխարժեքը պատմական  նվազագույնի է հասել:

Երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառն ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի գործն է. Թուրքիայի իշխանությունները հոգեւորականին ձերբակալել են 2016 թվականին եւ մեղադրում են լրտեսության ու ահաբեկիչներին սատարելու համար: Անկարան հրաժարվում է Բրանսոնին Վաշինգտոնին հանձնել, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների նկատմամբ:

Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Ողբերգական պատահարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի, մեծ թվով վիրավորներ կան: Փլուզվել է ավելի քան 1 կմ երկարությամբ կամրջի 200 մետրանոց հատվածը: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ ուժգին քամու հետեւանքով կոնստրուկցիաների թուլացումը: Ողբերգության պահին կամրջի վրա մեծ թվով մեքենաներ են եղել: Փրկարարները շարունակում են մարդկանց դուրս բերել փլատակներից եւ հոսպիտալացնել: Ջենովացի բժիշկներին օգնության են հասել նաեւ մասնագետներ հարեւան շրջաններից:

Օգոստոսի 14-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 550, ռուբլունը՝ 7 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 617 դրամ:

Օգոստոսի 15-ին հանրապետությունում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն: